ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Եվրոպական հանրակցության երկրներում միջազգային պաշտպանություն տրամադրելու միջնորդությունների թիվը 2023 թվականին հասել է վերջին յոթ տարվա ընթացքում ռեկորդային թվի՝ 1,14 միլիոնի։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասված է Եվրամիության ապաստանի հարցերով գործակալության (EUAA) պատրաստած զեկույցում։
«2023 թվականին ԵՄ+ երկրները 1,14 մլն միջազգային պաշտպանություն տրամադրելու միջնորդություն են ստացել, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին յոթ տարվա ընթացքում», -ասվում է զեկույցում:
Նշվում է, որ դա 18 տոկոսով ավելի է, քան 2022 թվականին։
Զեկույցի համաձայն, ԵՄ + երկրներից, որոնց թվում են, բացի Եվրամիության երկրներից, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Շվեյցարիան, ամենաշատ հայտերը ստացել է Գերմանիան (334 հազար կամ մեկ խնդրագիր երկրի 252 բնակչի հաշվով), սակայն ամենամեծ բեռը կրել է Կիպրոսը, որտեղ գրանցվել է մեկ խնդրագիր տեղի 78 բնակչի հաշվով:
Գերմանիայից հետո ամենաշատ դիմումները ներկայացվել են Ֆրանսիայում (167 հազար), Իսպանիայում (162 հազար) և Իտալիայում (136 հազար): Ընդհանուր առմամբ, բոլոր միջնորդությունների ավելի քան երկու երրորդը ներկայացվել է այս չորս երկրներում:
2023 թվականին դիմումատուների խոշորագույն խումբը սիրիացիներն են (181 հազար), որոնց հաջորդում են Աֆղանստանից արտագաղթածները (114 հազար):
Թուրքիայի քաղաքացիներից ստացվող խնդրագրերի թվի սրընթաց աճ է նկատվում (նախորդ տարվա համեմատ՝ 82 տոկոսով ավելի)։
Բոլոր դիմումների մոտ մեկ հինգերորդը ներկայացվել է Շենգեն գոտու հետ առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիների կողմից, այդ թվում՝ վենեսուելացիների (68 հազար) և կոլումբիացիների (63 հազար):
Մերձավոր Արևելքում սրացման ֆոնին նաև պաղեստինցի դիմումատուների թվի աճ է գրանցվել. 2023 թվականին դիմումների թիվը հասել է գրեթե 11,6 հազարի, ինչը երկու երրորդով ավելի է, քան 2022 թվականին։ Հատկապես կտրուկ աճ է գրանցվել անցած տարվա վերջին։
«Միջնորդությունների թվի աճի բնական հետևանքը առաջին ատյանի որոշմանը սպասող գործերի թվի ավելացումն է (883 000), որը 2023 թվականին աճել է 39%-ով ։ Սակայն դա ամբողջական պատկեր չի տալիս, քանի որ ԵՄ+ երկրները միաժամանակ աշխատում են ավելի քան 4,4 մլն ուկրաինացիներին ժամանակավոր պաշտպանություն տրամադրելու ուղղությամբ»,-նշել են զեկույցի հեղինակները։
Ընդ որում, դիմումատուներին միջազգային օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության ճանաչման տոկոսը նույնպես հասել է վերջին յոթ տարվա ընթացքում ռեկորդային 43 տոկոսի։ Հստակեցվում է՝ պարտադիր չէ, որ դա նշանակի փախստականի կարգավիճակի տրամադրում (24 տոկոս), խոսքը կարող է լինել լրացուցիչ պաշտպանության մասին, որի շահառուները որպես փախստական չեն որակվում: