ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է «Որդիների կանչ» ՀԿ անդամներին, հայտնում են Մայր աթոռի մամլո դիվանից։
Գարեգին Երկրորդը կարևորել է կազմակերպության կողմից ներդրվող ջանքերը՝ հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայած հայորդիների ընտանիքների համախմբման և նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
«Հայոց Եկեղեցու հոգևոր սպասավորները պիտի շարունակեն առանձնակի հովվական խնամք և ուշադրություն ցուցաբերել նման ընտանիքներին՝ զորացնելու նրանց սրտերում հավատն ու լավատեսությունը ապագայի նկատմամբ»,–ասել է կաթողիկոսը։
Առկա անվտանգային մարտահրավերների պայմաններում Վեհափառ հայրապետը կարևորել է համազգային միաբանությունը, որով հնարավոր է կասեցնել նոր արհավիրքները, ապահովել խաղաղությունը հայրենի սահմաններում և հետամուտ լինել հայրենի հողի վրա Արցախի ժողովրդի անկախ ու անվտանգ կյանքի իրավունքի պաշտպանությանը։
Անդրադառնալով Սումգայիթի հայ ազգաբնակչության զանգվածային ջարդերի տարելիցին՝ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծեց, որ անպատժելի մնացած և համընդհանուր դատապարտման չարժանացած այս ողբերգությունը հետագայում տեղիք տվեց ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության նոր ոճիրների՝ ռազմական ճանապարհով Արցախի զավթման, արցախահայության բռնի տեղահանման և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման։