ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սադրանք է, կրակի վրա յուղ լցնել և քայլ դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ։ Այս մասին ասել է հունգարական «Մեր հայրենիք» աջակողմյան կուսակցության նախագահ Լասլո Տորոցկաին, որը դեմ է քվեարկել Ստոկհոլմի դիմումի վավերացմանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տորոցկաիի խոսքով՝ Հունգարիայի խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությանը ԱՄՆ դեսպանի ներկայությունը անընդունելի ճնշում է ինքնիշխան երկրի վրա։
«Ստեղծված իրավիճակում ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք մենք չափազանց վտանգավոր ենք համարում: Սա իր տեսակով սադրանք է, կրակի վրա յուղ լցնել, քայլ դեպի կործանարար Երրորդ համաշխարհային պատերազմ: Միևնույն ժամանակ մենք չենք կարծում, որ Ռուսաստանը կհարձակվի Ֆինլանդիայի կամ Շվեդիայի վրա, այդ իսկ պատճառով մենք դեմ ենք եղել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը»,- ասել է Տորոցկաին։
Նա նաև անընդունելի է որակել Բուդապեշտում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Պրեսմանի ներկայությունը խորհրդարանի նիստին։
«Մենք դա համարում ենք ինքնիշխան պետության համար անընդունելի ճնշման ձև»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք` Հունգարիայի խորհրդարանը փետրվարի 26-ին վավերացրեց ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը:
Վավերացմանը կողմ քվեարկեց 188 պատգամավոր, դեմ՝ 6: