ՀՀ–ն ցեղասպանության կանխարգելման բանաձևի խմբագրված տարբերակ կներկայացնի ՄԱԿ–ին. Միրզոյան

Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարարը հիշեցրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ պատմության ճիշտ կողմում կանգնելու կոչի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Հայաստանը ցեղասպանության հանցագործության կանխարգելման բանաձևի խմբագրված տարբերակ կներկայացնի ՄԱԿ-ին։ Ժնևում`ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում, այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք կարծում ենք, որ Մարդու իրավունքների խորհուրդը պետք է շարունակի հակազդել նման հանցագործություններին, այդ թվում՝ զարգացնելով վաղ արձագանքման մեխանիզմները»,- ասաց նա։
Նախարարը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ելույթ ունենալով նույն ամբիոնից, նախազգուշացրել էր մարդու իրավունքների նկատմամբ աճող հասարակական անտարբերության մասին և կոչ էր արել կանգնել պատմության ճիշտ կողմում։
«Աշխարհը վտանգավոր վայր է դառնում, երբ մարդու իրավունքների հանդեպ նվիրվածությունը թուլանում է, իսկ միջազգային իրավունքը զանգվածաբար անտեսվում է»,-հավելեց Միրզոյանը:
Արարատ Միրզոյանը տարածաշրջանային վերջին զարգացումները քննարկել է Վոլկեր Տյուրկի հետ
Նա նշեց, որ այս օրերին Հայաստանը հիշում է Սումգայիթի ջարդերը, որոնց հաջորդեց Բաքվից, Կիրովաբադից և Ադրբեջանական ԽՍՀ–ի այլ քաղաքներից շուրջ 360 հազար հայերի վտարումը, և կրկին հիշեցրեց Ղարաբաղում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները (Ադրբեջանի կողմից), այդ թվում՝ ռազմական ագրեսիան և էթնիկ զտումները:
Միրզոյանն ընդգծեց, որ միջազգային հանրությանը պակասում էր գործելու վճռականությունը՝ չնայած վերահաս ագրեսիայի մասին ակնհայտ նախազգուշացումներին։ Նա մտահոգություն հայտնեց ԼՂ–ում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման սպառնալիքի և Ադրբեջանի կողմից նոր տարածքային նկրտումների կապակցությամբ:
Միաժամանակ նա շեշտեց, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու ջանքերին, ինչն արտահայտվում է սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման նախաձեռնություններով։
Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ խոսել է Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի կարևորության մասին