Հայկական ընկերությունները մասնակցում են Բարսելոնայում մեկնարկած «հայթեք» ցուցահանդեսին

Ցուցահանդեսը համաշխարհային մակարդակով ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր և առանցքային միջոցառումներից է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Հայկական 14 տեխնոլոգիական ընկերություն Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մասնակցում են «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» (Mobile World Congress Barcelona) միջազգային ցուցահանդեսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
«Հայաստան» միասնական տաղավարով ցուցահանդեսին մասնակցող հայկական ընկերությունները ներկայացնում են իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները տեխնոլոգիական, արհեստական բանականության և մի շարք այլ ուղղություններով։
Ցուցահանդեսը համաշխարհային մակարդակով ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր և առանցքային միջոցառումներից է, որտեղ հավաքվում են հեռահաղորդակցության, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերություններն ու ոլորտի առաջատարները։
Հայկական ընկերությունները մասնակցում են Բարսելոնայում մեկնարկած «հայթեք» ցուցահանդեսին
Այս տարի «Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ի թեմաներն են 5G կապը, արհեստական բանականությունը, արտադրության թվային փոխակերպումը, խաղաֆիկացումն ու թվային ԴՆԹ-ն:
Փետրվարի 26-29-ն անցկացվող միջոցառման շրջանակում նախատեսված են նաև ոլորտային համաժողովներ, կլոր սեղաններ, բարձրաստիճան պաշտոնյաների պանելային քննարկումներ, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան ծանոթանալու ոլորտի զարգացման միտումներին և հաստատելու նոր գործարար կապեր։