Հայ–ֆրանսիական «հետախուզական» պայմանավորվածության լուրը ջնջվեց. ԱԺ–ում խոսել են այդ մասին

Ազգային ժողով
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով` ինչ էլ անեն, մեկ է` լուրն արդեն վանդակից դուրս է թռել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Ֆրանսիայի միջև հետախուզական տվյալների փոխանակման մասին լուրը հեռացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի կայքից։
Թերթը, հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին, գրել էր, որ Ֆրանսիան ու ՀՀ–ն պայմանավորվել են տվյալներ փոխանցել Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերյալ: Ի դեպ, հայկական կողմը հերքել է այդ տեղեկությունը, բայց ոչ թե ԱԱԾ–ն կամ կառավարությունն է հերքել, այդ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը։
Ազգային ժողովում այս թեմային անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Սա անպատասխանատվություն և արհամարհանք է։ Այսօր աննախադեպ մի բան տեղի ունեցավ. Նիկոլ Փաշինյանի թերթը, որը մյուս լրատվամիջոցների նման չէ, այլ ավելի տեղեկացված է հավաստի աղբյուրներով, հրապարակում է մի լուր, թե ըստ ֆրանսիական լրատվամիջոցների` ՀՀ–ն ու Ֆրանսիան հետախուզական տվյալներ փոխանակելու համաձայնագիր են կնքել։ ՀՀ–ն իր կողմից ֆրանսիական կողմին պետք է փոխանցի Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի մասին հետախուզական տվյալներ։ Սեփական երկրի անվտանգության նկատմամբ ավելի մեծ անպատասխանատվություն դժվար է գտնել։ Երևի հետո հասկացել են սխալը, կամ պետք էր` լուրը մի քանի ժամով մնար, բայց հիմա այդ հրապարակումը ջնջված է։ Մինչդեռ այդ լուրն արդեն վանդակից դուրս է թռել»,– հայտարարեց Մանուկյանը։
Ըստ նրա` դա խոսում է այն մասին, որ Փաշինյանի ուշքումիտքն այսօր միայն սեփական ժողովրդից հարկ քերելն է, մատ թափ տալն է, որ վաղը նաև շնչելու համար հարկ սահմանի, քանի որ իրենք ասֆալտ են արել։
Հիշեցնենք` ՀԺ–ն նշել էր նաև, թե Ֆրանսիայի հետախուզական ծառայության և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության միջև պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փարիզյան այցի ժամանակ