ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ–ում կրթության որակի պրոգրես առայժմ չի նկատվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կրթության հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը` մեկնաբանելով հանրակրթության պետական չափորոշչի արդյունավետության մասին ԿԳՄՍ նախարարի վերջերս հնչեցրած գնահատականը։
«Գրագիտության մակարդակը շարունակում է անկում ապրել, ավագ դպրոցներում երեխաները նորմալ չեն հաճախում, դասերը նորմալ չեն կայանում, բավական մեծ դեր են խաղում մասնավոր պարապմունքները, փաստ, որը մենք միշտ անտեսում եք, որովհետև Հայաստանի կրթության որակը մեծապես ապահովում են հենց այս մասնավոր պարապմունքները։ Շատ երեխաներ փոքր տարիքից մասնավոր պարապում են, և դա մենք հաճախ ներկայացնում ենք որպես դպրոցական կրթության արդյունք»,– ասաց Խաչատրյանը` հավելելով, որ դրա վառ վկայությունն են ՀՀ–ում օրեցօր աճող դասապատրաստման մասնավոր կենտրոնները, որտեղ երեխաներին «օգնում են» կատարել տնային հանձնարարությունները։
Հիշեցնենք` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն օրերս սոցցանցում հրապարակել էր հանրակրթության պետական չափորոշչի՝ Տավուշի մարզում փորձարկման արտաքին գնահատման արդյունքները։ Ըստ այդմ` մեր երեխաների դպրոց հաճախելու 12 տարի ընդհանուր ժամանակից կրթության նպատակով օգտագործում են 8.5 տարին։ Այսինքն, դպրոցում ծախսած մնացած 3 ու կես տարվա ընթացքում նրանք ոչինչ չեն սովորում։
Ընդ որում, գիտելիք ստանալու համար ծախսված արդյունավետ ժամանակը 2015թ–ին եղել է 8 տարին, այսինքն` այժմ այն 0.5 տարով ավելացել է։
Կրթության արդյունավետությունը վեց ամսով ավելանալը Ժաննա Անդրեասյանը համարել էր հանրակրթության չափորոշչի բարեփոխման արդյունք և հաջողված փորձ։
Սերոբ Խաչատրյանն իր գնահատականներում անհամեմատ ավելի զգուշավոր է։ Նրա համոզմամբ` միայն չափորոշիչներով կրթական արդյունք ապահովել հնարավոր չէ։
«Կան բազմաթիվ այլ գործոններ. Պիտի երկրի տնտեսությունը զարգանա, ընտանիքների վիճակը պիտի բարելավվի, երկրի մթնոլորտը փոխվի, ուսուցիչների որակը պիտի բարձրանա։ Այսինքն չի կարելի ասել, որ միայն չափորոշչով մենք կարող ենք ապահովել շեշտակի աճ»,– նշեց Խաչատրյանը։
Իսկ թե որքանով է նախարարի գնահատականը համապատասխանում իրական վիճակին, փորձագետի խոսքով, պարզ կլինի որոշ ժամանակ անց, քանի որ հանրակրթության պետական չափորոշիչն այս տարվանից է մուտք գործել ՀՀ բոլոր դպրոցներ, և դրա արդյունքը տեսանելի կլինի առնվազն 1.5 տարի հետո։
Ավելին` Սերոբ Խաչատրյանը ոլորտի պատասխանատուներին առաջարկում է կրթության ժամանակահատվածի հաշվարկում հաշվի առնել նաև մասնավոր պարապմունքների գործոնը, երբ երեխան գիտելիք ստացել է, բայց ոչ դպրոցում և ոչ դասապրոցեսում ծախսված ժամանակի ընթացքում։
«Իհարկե, մասնավոր վճարովի պարապմունքների գործոնը բավական դժվար է գնահատել, դրա համար շատ ծավալուն հետազոտություն պետք է անցկացնել։ Բայց անգամ անզեն աչքով էլ տեսնում ենք, որ երեխաները մասսայաբար պարապում են։ Եվ դա շղթայական է, եթե մեկը պարապում է, մյուսն էլ է ստիպված լինում պարապել։ Այս պարագայում շատ տուժում են անապահով խավի երեխաները, որոնք ոչ մի կերպ այդ հնարավորությունից չեն կարողանալու օգտվել»,– նկատում է փորձագետը։
Հանրակրթության պետական չափորոշիչն ընդունվել է 2021թ–ի փետրվարին։ Դրանից հետո հաստատված բոլոր առարկայական ծրագրերի ու չափորոշիչների համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիմք է ընդունել հենց այդ փաստաթուղթը։
Նշենք, որ չափորոշչով սահմանվել են 7 ուսումնական բնագավառներ և 4 առարկաներ։
Առարկաներն են՝ «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Օտար լեզու»: Բոլոր այս առարկաներն ունեն երաշխավորված ժամաքանակ ՀՀ բոլոր դպրոցներում` անկախ կազմակերպաիրավական ձևից:
Բնագավառներն են՝ «Հայոց լեզու և գրականություն», «Հայրենագիտություն», «Օտար լեզուներ», «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)», «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Արվեստ և արհեստ», «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»: