Գազայում Իսրայելի հանցագործությունների հետաքննության հանձնաժողով պետք է ստեղծել. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի պատճառով ՄԱԿ-ի վարկաբեկումը թույլ չտալու կարևորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է ստեղծել Գազայի հատվածում Իսրայելի հանցագործությունների հետաքննության հանձնաժողով:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով իրանական իշխանությունների հայտարարությունը, Աբդոլլահիանը ընդգծել է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի պատճառով ՄԱԿ-ի վարկաբեկումը թույլ չտալու կարևորությունը:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։