ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանում ապօրինի արդյունահանվել է բազալտի օգտակար հանածո, պետությանը պատճառվել է 79 մլն դրամի վնաս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
2019 թվականի հոկտեմբերի 24-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարագրով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել ՍՊԸ–ին հատկացված՝ Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ փողոցին կից գտնվող տարածքում: Իրականացված ստուգումներից հետո մասնագիտական եզրակացություն է տրվել` ՍՊԸ–ն 40972.5 խմ բազալտի օգտակար հանածո է տեղահանվել:
Պարզվել է` տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) պաշտոնյաներից մեկն ու Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության մի պաշտոնյա ՍՊԸ–ի կատարած իրավախախտումը թաքցնելու համար կազմել են կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր:
«2020 թվականի մարտի 14-ին ԲԸՏՄ ղեկավարի անունից կազմել, ստորագրվել և ՊԵԿ նախագահին է (այդ ժամանակ պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Անանյանը. խմբ.) հասցեագրվել գրություն, որում ներառված են եղել կեղծ տեղեկություններ։ Նշվել է, թե արտահանված 40972․5 խմ բազալտի օգտակար հանածոն կարող էր բնական տեկտոնական պրոցեսների հետևանքով առաջացած փլուզումների պատճառով թափված լիներ տարածք: ՊԵԿ նախագահի գրավոր հարցադրումներին ի պատասխան՝ 2020 թվականի մարտի 25-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի անունից կազմվել և ՊԵԿ նախագահին է հասցեագրվել գրություն։ Այնտեղ կրկին ներառված են եղել կեղծ տեղեկություններ, թե ՍՊԸ–ում իրականացված ստուգման շրջանակներում ընդերքօգտագործում իրականացնելու փաստ չի արձանագրվել և խախտում առկա չէ»,– ասված է հաղորդագրությունում:
Վերոնշյալ գրության հիման վրա կազմվել է զրոյական ակտ, ինչի հիման վրա իրավախախտման համար պատասխանատվության միջոց չի կիրառվել, արդյունահանված օգտակար հանածոների համար բնօգտագործման համարժեք վճարներ չեն հաշվարկվել: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 79 մլն 891 հազար 700 դրամի գույքային վնաս։
Դատախազը 2024 թվականի փետրվարի 13-ին վերոնշյալ 2 անձի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով: 2024 թվականի փետրվարի 21-ին հաստատվել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել դատարան:
Դատախազությունը կներկայացնի քաղաքացիական հայց՝ պետությանը պատճառված գույքային վնասը վերականգնելու նպատակով: