ԵՄ–ն հավատում է, որ ոչ ոք չի հարձակվի ՀՀ–ի վրա. Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվե՞ն

Պետեր Ստանո
Ստանոն վստահեցրել է` պատժամիջոցը վերջին միջոցն է, որից օգտվում է Եվրամիությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Եվրամիությունը դեռ հավատում է, որ ոչ ոք չի հարձակվի Հայաստանի վրա, իսկ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը դիտարկում է որպես վերջին տարբերակ։ «Արմենպրեսի» հետ զրույցում այս հայտարարությունն է արել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն։

«Միևնույն ժամանակ Եվրամիությունը շատ պարզ նշել է՝ եթե լինի Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության որևէ ոտնահարում, ապա կարձագանքենք։ Մենք չենք կարող իրականում կենտրոնանալ միայն պատժամիջոցների վրա՝ որպես միակ կախարդական փայտիկի, որը լուծում է ամեն ինչ, այդ թվում՝ դրանց օգտագործումը որպես ներուժ»,– ասել է նա:

Ստանոն ընդգծել է, որ պատժամիջոցը վերջին միջոցն է, որից օգտվում է Եվրամիությունը։
«Չի կարելի մոռանալ պատժամիջոցների ընդունման սկզբունքը, սա գործիք է անդամ պետությունների ձեռքում, որոնք նախ պետք է միասին նստեն և որոշեն, այդ որոշումը պետք է ընդունվի բոլոր 27 անդամ երկրների միաձայնությամբ: Սա օժանդակ միջոց է այլ գործիքների հետ համատեղ, որոնք Եվրամիությունը միշտ նախընտրում է օգտագործել խնդիրները լուծելու և սպառնալիքներն ու մարտահրավերները վերացնելու համար»,– նշել է ԵՄ ներկայացուցիչը:
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Միաժամանակ, ըստ նրա, Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, ինչի մասին են վկայում այդ երկրի գործողությունները: Փաշինյանի խոսքով` Ալիևը ոչ թե տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա հիմնված խաղաղության պայմանագրի է ձգտում, այլ ավելի շուտ` Հայաստանի նոր տարածքների գրավման: