Դա կնշանակի պատասխանատվությունից փախչել. Սիմոնյանը` ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

Ալեն Սիմոնյանը Աժ–ում. Արխիվային լուսանկար
ՀՀ ԱԺ նախագահը նշում է, որ իրենք ստանձնած պատասխանատվությունը մինչև վերջ կտանեն և, եթե ժամանակը գա` կներկայացնեն իրենց ծրագիրն ու տեսլականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անթույլատրելի են։ ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Նոր ընտրությունները նշանակում է պատասխանատվությունից փախչել, ՀՀ քաղաքացիներն արդեն իրենց ընտրությունը կատարել են։ Նման հարց չի քննարկվել և չի քննարկվում։ Այս դիրքորոշումը պատասխանատու դիրքորոշում է, ես վստահ եմ, որ սա մեր թիմի միասնական դիրքորոշումն է։ Մենք պատասխանատվություն ենք վերցրել ու մինչև վերջ կտանենք, քանի որ Հայաստան և տարածաշրջան խաղաղություն բերելու առաքելություն ունենք»,– ասաց Սիմոնյանը։
Նա շեշտեց, որ երբ ընտրությունների ժամանակը գա, հենց այդ ժամանակ էլ իրենց ծրագիրն ու տեսլականը կներկայացնեն։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Բաբկեն Թունյանը նույնպես ասել էր, որ օրակարգում նման հարց չկա ու, որ արտահերթ ընտրությունները հանգեցնում են անորոշության, տնտեսության մեջ սպասումների և ցնցումների։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում ԱԺ արտահերթ ընտրությունները կայացել են 2021 թվականի հունիսի 20-ին։