Բաքվում հաստատված 25 գերի կա` ԼՂ նախկին ղեկավարները ներառյալ. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահը վստահեցնում է, որ բանակցություննեը ադրբեջանական կողմի հետ շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Բաքվում այժմ մոտավորապես 25 հաստատված գերի կա` ԼՂ նախկին ղեկավարները ներառյալ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Իրենց հետ կապված բանակցությունները շարունակվում են։ Ինչ որ պահ կար՝ չէինք խոսում գերիների մասին, բայց հետո պրոցեսը շարունակվեց, և մեծ թվով գերիներ հետ եկան։ Բանակցությունները միշտ կան»,– ասաց նա։
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ ՀՀ պետական պաշտոնյանները այլ երկրների պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ միշտ արծարծում են գերիների հարցը։ Նա վստահեցրեց, որ ամեն ինչ կարվի նրանց վերադարձի համար։
Հիշեցնենք` ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը 2023-ի նոյեմբերի 30–ին հայտնել էր, որ Բաքվում պաշտոնապես 55 հայ է պահվում, այդ թվում 6 քաղաքացիական գերի, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչ, որոնք համարվում են քաղբանտարկյալներ։ Սրանից զատ ադրբեջանական կողմը գերեվարվել է առնվազն 80 անձանց (ռազմագերիներ և քաղաքացիական անձինք)։
Դրանից հետո՝ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։
Զինծառայողների փոխանակումը տեղի ունեցավ դեկտեմբերի 13-ին Ղազախ–Իջևան սահմանին։