ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ իր եղբոր կնոջ` Անի Գևորգյանի վերաբերյալ գործի մասով սխալմունք է տեղի ունեցել և նա մեղավոր չէ։ Այս մասին նա ասաց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։
«Ես վստահ եմ, որ մեղադրանքը սխալ է, և իմ բարեկամի վերաբերյալ գործի մասում ժամանակի ընթացքում պարզ կլինի, որ սխալմունք է տեղի ունեցել։ Բայց դա չի նշանակում, որ համակարգը, պետությունը պետք է կուլիսային արդարադատություն իրականացնի։ Դա անընդունելի է»,–ասաց նա։
Սիմոնյանը նաև նշեց, որ երբ ծանոթացել է գործին՝ իր համոզմունքն ամրապնդվել է, որ Գևորգյանն անմեղ է։
Նա անդրադարձավ իր կուսակիցների կողմից խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդությանը ընդգծելով, որ միջնորդությունը ոչ թե թե գործին է առնչվել, այլ խափանման միջոցին։
«ՔՊ–ն չի խառնվել՝ գործն արդար է, արդար չէ, ճիշտ է կամ ճիշտ չէ։ Ու ես պնդում եմ ու կարծում եմ, որ ՀՀ–ում անընդունելի է, որ դատարանը որոշում է կայացնում որևիցե մանկահասակ երեխայի մոր համար կալանք ընտրել խափանման միջոց այն պարագայում, երբ կան տարբեր միջոցներ։ Ես գիտեմ, որ կա խոսակցություն, որ էլի նման դեպք է եղել»,–նշեց նա։
ԱԺ նախագահը ներողություն խնդրեց, որ չի իմացել մանկահասակ երեխայի մոր նկատմամբ ընտրված խափանաման միջոց կալանքի մասին։ Նա վստահեցնում է` եթե իմանար, կաներ նույնը ինչ արել է իր հարսի համար։
Նշենք, որ խոսքը Տաթև Արցախի մասին է, որը ակտիվ մասնակցում էր գործող իշխանությունների դեմ բողոքի ցույցերին։