Հայաստանի իշխանությունները փորձում են Ներքին Հանդի մոտ տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը գցել իրենց վրայից, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը։
Ներքին հանդում փետրվարի 13-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով 4 հայ զինծառայողներ զոհվեցին, 1-ը վիրավորվեց։
Միջադեպից հետո անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը մուտք չունի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտակայքում գտնվող տարածք, քանի որ այնտեղ ներկա է միայն Ռուսաստանի Դաշնությունը, որը չի կարողացել կասեցնել միջադեպը։
«Տարօրինակ է, որ բարձրաստիճան պաշտոնյաները հակասական հայտարարություններ են անում առաջնագծում հերթապահություն իրականացնող զինծառայողների լիազորությունների և գործողությունների վերաբերյալ, կարծես թե նրանց խնդրանքով չէր, որ 44-օրյա պատերազմից հետո ռուս զինվորականները տեղակայվեցին տարբեր առաջնագծերում»,- նշել է Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքով` Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինքը համարժեք չի արձագանքում ստեղծված իրավիճակին՝ անպատասխան թողնելով Բաքվի գործողությունները։