Կառավարության նախորդ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ չեն ցանկանում հարկ վճարել։
Արտերկրում համերգներով հանդես եկողներին Փաշինյանը առաջարկել էր չօգտվել հայաստանյան հարկատուների կառուցած ճանապարհներից, և օդանավակայան մեկնել դաշտամիջյան ճանապարհներով։
Բացի այդ, վերջին շրջանում հարկ վճարողը հերոսացվում է։ Ըստ Փաշինյանի` Հայաստանի թիվ 1 հերոսը հարկ վճարող քաղաքացին է։
«Եթե շոուբիզնեսի ներկայացուցիչները համարվում են ռեզիդենտ, այսինքն` տարվա 365 օրերից առնվազն 181-ը եղել են ՀՀ-ում, ապա պետք է իրենց եկամտից հարկ վճարեն պետությանը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` բուռն քննարկման արժանացած հայտարարությանը։
Վարդան Արամյանի դիտարկմամբ` պետության կողմից «հերոս» հռչակված հարկատուն ունի բոլոր իրավունքները պետությունից ու կառավարությունից պահանջելու բոլոր այն ծառայությունները` պատշաճ որակով, որոնց համար նա հարկ է վճարում։