36 տարի անց էլ Ադրբեջանը վարում է նույն քաղաքականությունը. ԱԳՆ–ն` Սումգայիթի ջարդերի մասին

ՀՀ ԱԳՆ
Միջազգային հանրությունը, ըստ ԱԳՆ–ի, պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Սումգայիթի հայ բնակչության ջարդերից 36 տարի անց Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայության ահաբեկման, անմարդկային շրջափակման, սովամահության մատնելու և ի վերջո ուժի կիրառման միջոցով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը՝ պղծելով, վանդալիզմի ենթարկելով և ոչնչացնելով հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողները»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Ադրբեջանի այլատյաց և թշնամական քաղաքականությունն ուղեկցվում է բարձրագույն մակարդակով հնչող ատելության խոսքով, սպառնալիքներով և ագրեսիվ հռետորաբանությամբ, որը խոչընդոտ է ժողովուրդների միջև թշնամանքի հաղթահարման և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ճանապարհին։
Միջազգային հանրությունը, ըստ ԱԳՆ–ի, պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները՝ կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը և նպաստելու Հարավային Կովկասում արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ ջանքերին։
Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26–29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
1990թ. հունվարի 13–19–ը հայերի զանգվածային ջարդեր իրականացվեցին արդեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի ստույգ թիվը, սակայն, ըստ տարբեր տվյալների, 1988-1990 թվականներին 500-600 հայ է սպանվել։