ՔՊ գրասենյակի մոտ կասկածելի առարկա հայտնաբերելու առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով առգրավվել են տարածքը տեսանկարահանող սարքերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Երևանի Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող կասկածելի առարկայի հայտնաբերման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք` ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ժամը 13:40-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված, և այն պայթելու է: Այդ տարածքում է գտնվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակներից մեկը։ ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ավելի ուշ հայտարարեց, որ հայտնաբերված առարկան պայթուցիկ սարք չի եղել, այլ «մուլյաժ»։
«ՀՀ ՆԳՆ ոստիկանություն այսօր քաղաքացուց ահազանգ է ստացվել որ Գյուլբենկյան 30/3 շենքի մոտ սև տոպրակով կասկածելի իր է դրված։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են, դրանց բնույթն ու նշանակությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն»,– գրել է Աբրահամյանը։
Նա նշել է, որ դեպքի առթիվ ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով առգրավվել են տարածքը տեսանկարահանող սարքերը, կատարվում են ապացուցողական և վարույթային գործողություններ։
Աբրահամյանը նաև նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնված նաև փետրվարի 22–ին Գյուլբենկյան 33 շենքի դիմացի հատվածում զինամթերքի նմանվող առարկաների հայտնաբերման դեպքի առթիվ։ Դրանով նախաքննությունը ևս շարունակվում է։
«Երկու դեպքերով էլ քննություն է իրականացվում նշված առարկաները համապատասխան հասցեներում տեղադրած անձանց հայտնաբերելու, քննության համար էական նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ»,– նշել է ՔԿ խոսնակը։
Նրա խոսքով` հետաքննության մարմնին տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ։
Նշենք, որ օրեր առաջ ոստիկանները նույն տարածքում` Երևանի Գյուլբենկյան 33 հասցում, հայտնաբերել էին պայթուցիկ սարքի նմանվող առարկա։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` այդ հասցեում գտնվող տարածքը պատկանում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին: