ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակման վերաբերյալ քննարկում եղել է։ Այս մասին նա ասաց ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։
«Նման քննարկում եղել է, բայց ես արտահայտվել եմ, որ Ազգային ժողովում մեր անելիքները պակաս չեն»,– նշեց Թունյանը։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ էր գումարել, որտեղ քննարկել և հավանության էին արժանացրել ՔՊ–ական մեկ այլ պատգամավորի` Գևորգ Պապոյանի թեկնածությունը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։
Նշենք, որ շուրջ 1 շաբաթ առաջ Վահան Քերոբյանը հեռացավ նախարարի պաշտոնից, ու այս ընթացքում նախարարի պաշտոնում նշանակվելու մասին մի քանի անձի` ԱԺ ՔՊ–ական պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Բաբկեն Թունյանի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի անուններն էին շրջանառվում։ Քամալյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ բացառում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնում իր հնարավոր նշանակումը։
Հարցին, թե ինչու է ընտրությունը կանգ առել հենց Պապոյանի վրա, Թունյանը շեշտեց` իր գործընկերը պրոֆեսիոնալ մասնագետ է, տիրապետում է գործին։
«Գևորգ Պապոյանն իր քաղաքական թիմի արժեքներին նվիրված է։ Կարծում եմ, որ նա բավականին լավ կկարողանա այդ դերը կատարել։ Նա ԱԺ–ում անելիք ուներ, բայց գործադիրում նույնպես անելիքներ կունենա»,– նշեց ՔՊ–ական պատգամավորը։
Լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք Վահան Քերոբյանի հետ տեղի ունեցածն է պատճառ հանդիսացել, որ Թունյանը հրաժարվի այդ պաշտոնը զբաղեցնելուց։ Իշխանական պատգամավորը շեշտեց` ո՛չ աշխատանք կատարելու, ո՛չ էլ սխալների համար պատասխանատվությունից չի վախենում։
«Վահան Քերոբյանի հետ տեղի ունեցածը կարող է ցանկացածի հետ էլ լինել։ Մի մոռացեք, կա անմեղության կանխավարկած և Վահան Քերոբյանի մասով դատարանը դեռ պետք է վճիռ կիրառի»,– ասաց Թունյանը։
Հիշեցնենք հունվարի 31-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալ է սկսվել։ Այժմ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Էկոնոմիկայի նախկին նախարարն այժմ տնային կալանքի տակ է։