ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որը գտնվում է Ժնևում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ խոսել է Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի կարևորության մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Միրզոյան ընդգծել է Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի, ինչպես նաև անհետ կորածների և բռնի անհետացած անձանց ճակատագրերի բացահայտման կարևորությունը՝ վերահաստատելով հայկական կողմի հրապարակայնորեն հայտնած պատրաստակամությունը խնդրո շուրջ համագործակցության վերաբերյալ,– ասված է հաղորդագրությունում:
Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախորդ տարի սեպտեմբերին ռազմական հարձակման և իրականացված էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանվածների կարիքների և իրավունքների հասցեագրմանն առնչվող հարցերը և հումանիտար բնույթի հարցերի շուրջ ԿԽՄԿ–ի հետ համագործակցության շրջանակը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին:
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Վերջինին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։