Ինչու՞ են Երևանում խափանվում աղբատար մեքենաները. Ավինյանը «Hovo»-ներին հաջողություն մաղթեց

Այս պահին մայրաքաղաքում աղբահանությունն իրականացվում է 34 աղբատար մեքենաներով, մյուսները խափանված են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Աղբատար ավտոմեքենաների խափանումների հիմնական պատճառը Նուբարաշենի աղբավայրի ճանապարհի դժվարանցանելիությունն է: Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը։
Ուզբեկստանում աղբահանությունը կիրականացնեն դասական երաժշտության ներքո
Այս պահին Երևանում աղբահանությունն իրականացվում է 34 աղբատար մեքենաներով։ Պլանավորվում է մեքենաների ամբողջական վերանորոգման արդյունքում թիվը հասցնել 45-ի։ Իսկ Նուբարաշենի աղբավայրի ճանապարհի խնդրահարույց հատվածում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ։
«Առաջարկում եմ մոտ 8 մեքենայի մրցույթ հայտարարել՝ առանց ֆինանսական միջոցների, որպեսզի միշտ ունենանք մեքենաների չափաքանակ, որոնք ծայրահեղ անհրաժեշտության դեպքում են սպասարկում»,- խորհրդակցության ժամանակ առաջարկեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետին հայտնեցին, որ այս պահին արդեն կա 6 մեքենա ձեռք բերելու պայմանագիր, լրացուցիչ 4-ի գնումների հայտ էլ ուղարկվել է, որ գնումների պլանում փոփոխություն իրականցվի: Հաղթող կազմակերպությունը մատակարարելու է չինական «Hovo» մակնիշի մեքենաներ:
««Hovo»-ներին հաջողություն ենք մաղթում»,- ասաց քաղաքապետը։
Նշենք, որ նախորդ տարի դեռևս այն ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Երևանի աղբահանության խնդրի պատճառները հասկանալու համար ծառայողական քննություն կանցկացվի։ Նա շեշտել էր, որ ամռան օրերին, երբ աղբի ծավալն ավելանում է, տեխնիկան էլ խնդրահարույց է, խնդիրներ առաջանում են, բայց պետք է կարողանալ այնպիսի ցիկլ ունենալ, որ այդ հարցը բաց չլինի։