«Հեզբոլլահը» հայտարարել Է իսրայելական ռազմական շտաբի ուղղությամբ 60 հրթիռ արձակելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակն ավելի վաղ հայտարարել էր, որ կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի արևելքում գտնվող Բեքաա հովտում ՀՕՊ-ի աշխատանքի համար օգտագործվող օբյեկտներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ 60 հրթիռ է արձակել իսրայելական ռազմական շտաբի ուղղությամբ՝ ի պատասխան Թել Ավիվի կողմից Լիբանանի տարածքին հասցված հարվածների:
«Ի պատասխան Բեքաայի Բաալբեկի շրջակայքում սիոնիստական ագրեսիայի և գյուղերի ու քաղաքացիական տների վրա հարձակումների՝ «Հըզբոլլահի» մարտիկները 60 «Կատյուշա» հրթիռ են արձակել «Գոլանի» բրիգադի հրամանատարության շտաբի ուղղությամբ»,-ասվում է «Հեզբոլլահի» հայտարարության մեջ:
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ իր անօդաչու թռչող սարքերից մեկը խոցվել է Լիբանանի տարածքի երկնքում: Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ «երկիր-օդ» դասի հրթիռով խոցել է իսրայելական ԱԹՍ-ն։
Իսրայելի պաշտպանության բանակն (ՑԱԽԱԼ) էլ հայտարարել էր, որ կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի արևելքում գտնվող Բեքաա հովտում ՀՕՊ-ի աշխատանքի համար օգտագործվող օբյեկտներին՝ ի պատասխան իսրայելական ԱԹՍ-ի վրա հրթիռի արձակմանը:
Նեթանյահուն հրահանգել է պատրաստվել «Հեզբոլլահի» ցանկացած սցենարի
Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։ Լիբանանի ԱԳՆ-ի տվյալներով՝ մոտ 100 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Լիբանանի հարավում՝ Իսրայելի կողմից գնդակոծությունների պատճառով: Իսրայելական կողմը հայտնել է Իսրայելի հյուսիսի շուրջ 80 հազար բնակիչների մասին, որոնք նույնպիսի իրավիճակում են հայտնվել: