Երկու քաղաքագետ Հ1–ի բակում հաղորդումից հետո ծեծել են իրար. գործն ուղարկվել է ՔԿ

Սուրեն Սահակյանն ասել է, որ ծեծկռտուքի պատճառը հեռուստատեսության եթերում` բանավեճի ժամանակ, Արեգ Քոչինյանի կողմից իր հասցեին արված վիրավորական արտահայտություններն են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Մի քանի օր առաջ «Հանրային հեռուստաընկերության» բակում` հեռուստատեսային բանավեճից հետո, միմյանց քաշքշել, վիրավորել են քաղաքագետներ Սուրեն Սահակյանը և Արեգ Քոչինյանը: Տեղեկությունը հայտնի է դարձել «Հրապարակ» օրաթերթին։
«Միջադեպն այնքան սուր է եղել, որ դեպքի վայր են ժամանել անգամ իրավապահները։ Ծեծկռտուքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն»,– գրել է լրատվամիջոցը։
ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ միջադեպի վերաբերյալ երկու հաղորդում են ստացել, որոնք ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե։
«Հրապարակի» փոխանցմամբ` Սուրեն Սահակյանը հաստատել է տեղեկությունը, ասել, որ ծեծկռտուքի պատճառը հեռուստատեսության եթերում` բանավեճի ժամանակ, Արեգ Քոչինյանի կողմից իր հասցեին արված վիրավորական արտահայտություններն են եղել։ Արեգ Քոչինյանը լրատվամիջոցի զանգերին չի պատասխանել։
Քաղաքագետները Հ1-ի՝ «Տարբեր կարծիքներ Տաթև Դանիելյանի հետ» հաղորդման ժամանակ քննարկել են արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ուղիները։