ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը սկսել է համատեղ սուբսիդավորվող արդյունաբերական նախագծերի հայտերի ընդունումը։ Տեղեկությունը հրապարակվել է ԵՏՀ պաշտոնական կայքում։
ԵՏՀ-ն համատեղ արտադրությունների համար կսուբսիդավորի վարկերի տոկոսները, եթենախագծին մասնակցեն Եվրասիական տնտեսական միության առնվազն երեք երկրների ձեռնարկություններ: Սուբսիդիան առանցքային տոկոսադրույքի չափով տրվում է այն երկրում, որի բանկից նախագծի մասնակիցները վարկ են վերցնում։ Հայաստանից ռեեստրում ընդգրկված են բոլոր 17 գործող բանկերը։
2024 թվականի ծրագրի համար հատկացվել է տարեկան 1,8 մլրդ ռուսական ռուբլի՝ ավելացման հնարավորությամբ։ Մեկ նախագծի համար առավելագույն սուբսիդիան չի կարող գերազանցել 350 մլն ռուսական ռուբլին (այդ թվում՝ որևէ այլ արժույթով հաշված)։
Նշենք, որ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները արդյունաբերական նախագծերի սուբսիդավորման մասին համաձայնագիրը ստորագրել էին 2023 թվականի հոկտեմբերին ։ Հաջորդ ամիսներին սկսվեց ազգային խորհրդարաններում այդ համաձայնագրի վավերացման գործընթացը (այսօր համաձայնագրի նախագիծը հավանության արժանացավ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովում և շուտով կներկայացվի լիագումար նիստի քննարկմանը):
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: