Ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված վնասից մոտ 78,5 միլիոնը վերականգնվել է

Պաշտոնեական դիրքի չարաշահման համար քայլեր են ձեռնարկվում նաև երկու համայնքների ղեկավարների գործողություններին իրավական գնահատական տալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ավելի քան 1․668 խորանարդ մետր ավազի և ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 613 միլիոն 387 հազար դրամի նյութական վնասից մոտ 78,5 միլիոնը վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ ապօրինի արդյունահանման վերաբերյալ 86 քրեական վարույթներից ամենաշատը Արմավիրի մարզում է՝ 35, հաջորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 16 քրեական վարույթով, ապա Արարատի մարզը` 14վարույթով։
Շիրակի մարզում հարուցվել է 8, Արագածոտնի, Տավուշի և Սյունիքի մարզերում՝ 4-ական , Վայոց Ձորում` 1 քրեական վարույթն։
«Թվարկված քրեական վարույթներից 37-ով ապօրինի արդյունահանումն իրականացվել է իրավաբանական անձանց, 16-ով՝ անհատների, իսկ 33-ով դեպքով էլ հանցանքը կատարվել է ոչ ակներևության պայմաններում: Նախնական տեղեկություններով՝ վերը նշված քրեական վարույթներից 36-ով արդյունահանումն իրականացվել է ձեռնարկատիրական նպատակով, 17-ը՝ ոչ ձեռնարկատիրական նպատակով, իսկ 33-ով դեռևս պարզված չէ»,- տեղեկացնում են ՔԿ-ից։
Քրեական վարույթներից 7-ով պարզվել է, որ ապօրինի արդյունահանման գործընթացը քողարկվել է ձկնաբուծարանների կառուցման, մաքրման, լճերի մաքրման կամ այլ գյուղատնտեսական գործունեության անվան տակ:
Պաշտոնեական դիրքի չարաշահման համար նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում երկու համայնքների ղեկավարների գործողություններին իրավական գնահատական տալու համար։ Մեկն արդեն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Դատարան ուղարկված առանձին քրեական վարույթներով արդեն իսկ հիմնավորվել է նաև, որ Արաքս գետի ավազանում առանձին գոտիներում իրականացված ապօրինի ավազաարդյունահանումը հանգեցրել է հողի որակի վատթարացման, ինչպես նաև տեղի է ունեցել Արաքս գետի հունի փոփոխություն:
Քրեական վարույթներից 2-ով 3 անձի նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում, 4 քրեական վարույթ՝ 5 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Դեռ նախորդ տարի մարտին հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով: Աշխատանքային խմբում ընդգրկվել են մասնագետներ ԱԱԾ–ից, ՊԵԿ–ից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից և այլ կառույցներից։