ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Քուվեյթի հետ հարաբերություններն ավելի կխորանան։ Այս մասին նա նշել է Քուվեյթի Պետության էմիրին և նախարարների խորհրդի նախագահին ազգային տոների առթիվ ուղված շնորհավորական ուղերձում։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի և Քուվեյթի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ, որի իրացումը նոր նախաձեռնություններով և ծրագրերով կխթանի հայ-քուվեյթյան համագործակցության օրակարգը»,– գրել է նա։
Փաշինյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի գործադրմամբ` Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առավել կզարգանան ու կխորանան։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Քուվեյթի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1994թ.հուլիսի 8-ին: Քուվեյթից վերջին անգամ պաշտոնական այցով 2018 թվականին Հայաստան է եկել Քուվեյթի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Հինդ Սուբհի Ալ-Սաբահը: