Հայաստանում սկսել են սարքեր արտադրել բջջայինների միկրոֆոններից տվյալների արտահոսքի դեմ

Ուլտրաձայնային տվիչները չեն խանգարում մարդուն, բայց միկրոֆոնի մեջ խշշոց են առաջացնում, որը ոչ մի գաղտնալսող ծրագիր չի կարող մաքրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Հայաստանում սկսել են բջջային հեռախոսների միկրոֆոններից տեղեկության արտահոսքի դեմ նոր սարքեր արտադրել։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց LIBERAընկերության տնօրեն Կարեն Աղաջանյանը, սարքը ուլտրաձայնի միջոցով խլացնում է բջջային հեռախոսի միկրոֆոնն ու դրանով արգելափակում արտահոսքը։
Սա ակտուալ է այն պատճառով, որ համացանցում շարունակում են տարածվել լրտեսական ծրագրեր, որոնք որևէ կերպ տեսանելի չեն օգտատիրոջ համար, բայց կարող են առանց նրա իմացության միացնել հեռախոսի միկրոֆոնն ու տեսախցիկը։ Անգամ եթե սարքն անջատված է համացանցից, այդ տվյալները կարող են պահվել, իսկ հետո` ուղարկվել գաղտնալսել փորձողներին, նշում է Աղաջանյանը։ Այդպիսի ծրագրերից լայնորեն տարածված է Pegasus-ը, բայց կան նաև մի շարք ուրիշներ, և անընդհատ հայտնվում են նորերը։
Եթե հեռախոսը (օրինակ, գաղտնի զրույցի ժամանակ) տեղադրված լինի խլացուցիչ սարքով տուփի մեջ, ապա անգամ եթե հեռախոսում միացրած լինի որևէ լրտեսական ծրագիր, այն կձայնագրի միայն խշշոց, որը հնարավոր չի լինի «մաքրել»։
Գաղտնալսման դեմ պայքարի մեկ ուրիշ սարքը վիբրոակուստիկ տվիչներն են, որոնք տեղադրվում են պատուհանների ապակիներին և նախատեսված են լազերային միկրոֆոններիդեմ պայքարելու համար: Այդ տվիչները ձայնային աղմուկ են արձակում, որը ևս թույլ չի տալիս լսել ներսի խոսակցութունը, նշում է Աղաջանյանը։
Սարքը փորձարկվել է մի քանի ամիս և ԵԱՏՄ -ի սերտիֆիկացման կենտրոնից ստացել է հավաստագիր։ Այն վավեր է միության ողջ տարածքում։