«Սիներջիի» տնօրենին ազատ են արձակել ԱՄՆ դեսպանատան ճնշումների արդյունքում․ «Փաստ»

Աշոտ Հովհաննիսյան
Թերթի տեղեկություններով՝ չնայած տեսակցությունների արգելքին` ԱՄՆ դեսպանը նաև ՔԿՀ է այցելել և հանդիպել Աշոտ Հովհաննիսյանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. «Սիներջի» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը փոխվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ճնշումների արդյունքում: Այս մասին գրում է «Փաստ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Մեր աղբյուրի փոխանցմամբ` այս հարցը առանցքայիններից մեկն է եղել նաև Նիկոլ Փաշինյանի և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի՝ փետրվարի 6-ին կայացած հանդիպման ժամանակ, թեպետ, բնականաբար, այդ մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ նշված չէ»,- գրում է թերթը։
«Փաստի» տեղեկություններով՝ չնայած դատարանի՝ որևէ տեսակցության արգելքին, ԱՄՆ դեսպանին թույլատրվել է այցելել ՔԿՀ ու հանդիպել Աշոտ Հովհաննիսյանին։
«Հատկանշական է, որ ժողովրդավարական համարվող երկրի դեսպանը Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալների հարցում որևէ կարծիք չի հայտնել, իսկ ահա «Սիներջիի» տնօրենի հարցով շահագրգռություն է ցուցաբերել: Դե, երևի «ժողովրդավարությունը՝ առանձին, երկրի բիզնես հետաքրքրությունները՝ առանձին» սկզբունքն է գործում»,- եզրափակում է թերթը։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել է դատախազի նախաձեռնությամբ ։ Դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն։