ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանը հնդկական և ֆրանսիական սպառազինություն գնելու փոխարեն ավելի լավ է՝ մտածի հայրենական արտադրության մասին: Այս մասին հայտարարեց Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովն այսօր Երևանում անցկացվող «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ։
«Հայաստանի գնումները նման են օձի, որի գլուխը պոկել են, և նա անիմաստ զիգզագներ է անում՝ փորձելով ինչ-որ բան որսալ Ֆրանսիայում, ինչ-որ բան՝ Հնդկաստանում։ Հնդկական սպառազինությունը սարսափելի դժոխք է՝ Լատինական Ամերիկայում ուղղաթիռների վթարները և այլն, հնդիկներն անվճար ազատվում էին դրանից: Իսկ Հայաստանն առաջինն է գնել այն»,- հայտարարել է Պուխովը։
Նա անիմաստ է համարում հնդկական սպառազինության շուրջ աղմուկը։ Պուխովի խոսքով՝ կան ավելի քիչ «փիառված», բայց արդյունավետ զենքեր, օրինակ՝ սերբական արկերը կամ բուլղարական ՁՀՆ-ները։ Փորձագետը շեշտեց՝ այս պահին Ռուսաստանը չի կարող Հայաստանին սպառազինության որոշ տեսակներ տալ, բայց կարող է եզակի ռազմական փորձ ապահովել:
«Եթե Ադրբեջանը չլիներ Ուկրաինայի իրական դաշնակիցը, ապա Հայաստանը կարող էր զինվորականներ ուղարկել մարտական շփման գծի երկու կողմեր՝ ռազմական փորձն ուսումնասիրելու համար։ Ո՛չ Հնդկաստանը, ո՛չ Ֆրանսիան չեն կարող տալ այդ փորձը, քանի որ նրանք այդ գործում նորեկներ են»,– ասաց փորձագետը։
Փորձագետը Հայաստանին հորդորում է ֆինանսները կենտրոնացնել մի քանի ռազմական նախագծերի իրականացման ուղղությամբ և ռեսուրսները չփոշիացնել: Նա խորհուրդ է տալիս գնել Starlink-ի 25 հազար տերմինալներ, միլիոն FPV անօդաչու թռչող սարքեր, կառուցել վառոդի գործարան և ինքնուրույն արտադրել արկեր:
«Որպեսզի կարիք չլինի դրանք գնել երրորդ երկրների միջոցով և Ֆրանսիային խնդրել ապահովել տարանցումը Վրաստանի տարածքով։ Իսկ Իրանից դրանք վերցնելը քաղաքականապես կոռեկտ չէ, բա որ ամերիկացիները նեղանա՞ն»,- եզրափակեց փորձագետը։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հայաստանյան այցի ընթացքում փաստաթուղթ ստորագրվեց երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու մասին։ Նմանատիպ համաձայնագրեր էին կնքվել 2023 թվականի հոկտեմբերին Պապիկյանի փարիզյան այցի ժամանակ։ Փոխգործակցության շրջանակում Հայաստանը ստանում է Ground Master (GM200) ռադարներ և գիշերային տեսանելիության սարքեր։ Ֆրանսիան նախորդ տարի Հայաստան է մատակարարել նաև Bastion տիպի 24 զրահափոխադրիչ, ևս 26-ը արտադրման փուլում են։
Անհրաժեշտության դեպքում Փարիզը պատրաստ է նաև տարբեր հեռահարության ՀՕՊ համակարգեր մատակարարել։ Համաձայնագրերի փաթեթը նաև ֆրանսիական բուհերում հայ զինվորականների վերապատրաստում է ներառում, իսկ Հայաստանում մշտական հիմունքներով ֆրանսիացի ռազմական խորհրդական է գտնվելու։