ՀՀ էկոնոմիկայի նոր նախարարը կլինի Գևորգ Պապոյանը. ՔՊ–ն հավանություն է տվել

Գևորգ Պապոյան
Պապոյանն այսօր է վերադարձել Թուրքիայից, որտեղ մասնակցում էր Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի հատուկ նիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հավանություն է տվել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակվի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Տեղեկությունը հրապարակվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում։
«Այսօր կայացած նիստում, որը վարել է ՔՊ վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նիստի ընթացքում նաև կուսակցական մի շարք հարցեր են քննարկվել։
Նշենք, որ փետրվարի 15-ին ՀՀ կառավարությունում ավելի քան 4 ժամ տևած հանդիպումից դուրս գալուց հետո Պապոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իրեն էկոնոմիկայի նախարարի պաշտոն չի առաջարկվել։
Փետրվարի 14-ից հետո, երբ Վահան Քերոբյանն ազատվեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, մամուլում շրջանառվում էր հենց Պապոյանի անունը։ Նա նաև ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է և փետրվարի 22-24-ը Թուրքիա էր գործուղվել՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի հատուկ նիստին մասնակցելու։