ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանը որևէ մեկի հետնաբակը չէ։ X-ի իր միկրոբլոգում այս հայտարարությունն է արել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ պատասխանելով ամերիկյան «Politico» թերթին։
Փետրվարի 23-ին պարբերականը գրել էր, որ Ֆրանսիան Հայաստանի հետ զենքի մատակարարման գործարքների միջոցով իր դրոշն է բարձրացրել Ռուսաստանի հետնաբակում։
«Հայաստանը որևէ մեկի հետնաբակը չէ, այլ բարեկամ և ժողովրդավարական երկիր, որի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարում է Ֆրանսիան»,- գրել է դեսպանը։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հայաստանյան այցի ընթացքում փաստաթուղթ ստորագրվեց երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու մասին։ Նմանատիպ համաձայնագրեր էին կնքվել 2023 թվականի հոկտեմբերին Պապիկյանի փարիզյան այցի ժամանակ։ Փոխգործակցության շրջանակում Հայաստանը ստանում է Ground Master (GM200) ռադարներ և գիշերային տեսանելիության սարքեր։ Ֆրանսիան նախորդ տարի Հայաստան է մատակարարել նաև Bastion տիպի 24 զրահափոխադրիչ, ևս 26-ը արտադրման փուլում են։
Անհրաժեշտության դեպքում Փարիզը պատրաստ է նաև տարբեր հեռահարության ՀՕՊ համակարգեր մատակարարել։ Համաձայնագրերի փաթեթը նաև ֆրանսիական բուհերում հայ զինվորականների վերապատրաստում է ներառում, իսկ Հայաստանում մշտական հիմունքներով ֆրանսիացի ռազմական խորհրդական է գտնվելու։