ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանի՝ դեպի Արևմուտք վերակողմնորոշելու գինը բարձր է լինելու։ Այս մասին ասաց Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և միջազգային քաղաքականության ֆակուլտետի եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Երևանում անցկացվող «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ։
Նրա խոսքով՝ Արևմուտքն ավելացնում է հակառուսական ջանքերը և ճնշումը ՀԱՊԿ գործընկերների վրա։ Դա բարդ դրության մեջ է դնում կազմակերպության անդամ երկրներին, քանի որ նրանք արևմտյան ճնշումների պատճառով չեն կարող ամբողջությամբ վերակողմնորոշվել դեպի Ռուսաստան, բայց նաև չեն կարող խզել կապերը ՀԱՊԿ գործընկերոջ հետ։
Սուսլովը կանխատեսում է, որ Ռուսաստանն Ուկրաինային հաղթելուց հետո կշարունակի գերիշխել հետխորհրդային տարածքում: Նրա համոզմամբ՝ ՀԱՊԿ երկրներին մնում է պահպանել ստատուս քվոն, ուկրաինական հարցում չանցնել Ռուսաստանի կողմ, բայց և թույլ չտալ Արևմուտքին իրեն օգտագործել հակառուսական քաղաքականության մեջ:
«Ուկրաինային հաղթելուց հետո Ռուսաստանն ավելի ուժեղ կդառնա, կունենա ամենահզոր, մարտերում կոփված բանակը Եվրասիայում, ուստի ՀԱՊԿ երկրների համար նպատակահարմար կլինի լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ»,- հայտարարեց նա:
Այս համատեքստում նա կարծում է, որ Հայաստանը շարժվում է ճիշտ հակառակ ուղղությամբ և ռուսական տեսանկյունից անցնում է հակառակորդի կողմը ՌԴ-Արևմուտք բաց դիմակայության պայմաններում: Նրա կարծիքով՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին քաղաքականությունը՝ հակառակ իր պնդումների։
Սուսլովը համոզված է, որ մշտական հռետորաբանությունն այն մասին, որ Ռուսաստանը ձախողել է դաշնակցի դերը, ՄՔԴ-ին ցուցադրաբար միանալը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցը Երևան Հայաստանը կդարձնի հետխորհրդային տարածքի հակառուսական երկրներից մեկը: Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի գործողությունները հիմնականում պայմանավորված էին այն հանգամանքով, որ հավատում էին, թե Ռուսաստանը կպարտվի Ուկրաինայի հետ դիմակայությունում։ Բայց նա համոզված է՝ Հայաստանի իշխանությունները սխալվել են իրենց հաշվարկներում։
«Դեպի արևմուտք վերակողմնորոշվելու և հակառակորդի կողմը անցնելու գինը բարձր է լինելու։ Մասնակիորեն այդ գինը նա արդեն վճարել է. դա, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի կորուստն է»,- ասաց կենտրոնի փոխտնօրենը։
Նա համոզված է, որ ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցումն այսօրվա իրավիճակում ընկալվում է որպես ագրեսիայի գիտակցված հրավեր Ադրբեջանին, որից հետո Հայաստանի ղեկավարությունը լրացուցիչ առիթ է ակնկալում ՀԱՊԿ-ից վերջնականապես դուրս գալու համար:
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին:
Նշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Միաժամանակ ՀԱՊԿ-ը կոչ է անում վերադառնալ առկա խնդիրների կառուցողական քննարկման։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը վերջերս ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանի հետ պահպանում են դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղվածությունը: Նա նշել է, որ ՀԱՊԿ–ը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել` դիտարկելու հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, սակայն այդ աշխատանքի ավարտական մասում ՀՀ իշխանությունները խնդրել են այդ փաստաթուղթը հանել օրակարգից՝ կապված Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ։
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու թեզն ըստ երևույթին վերաբերում է կազմակերպության միջոցառումներին չմասնակցելուն, քանի որ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել երկրի անդամակցության կասեցման վերաբերյալ։