ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բուժկենտրոն։ Տեղեկությունը հայտնում է «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը։
«Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր այցելելն արգելելուց հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ ՀԿ–ի` Գալեյանի առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարել:
Հիշեցնենք` 2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Սեպտեմբերի 9–ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, և Գալեյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը։
Դրանից հետո փաստաբանը հայտնել էր, որ Գալեյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց: Սակայն, չնայած դրան, Վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 9-ին մերժեց նրա փաստաբանների միջնորդությունը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Ավելի ուշ նրա խափանման միջոցը փոխվեց, ընտրվեց տնային կալանքը։ Փետրվարի 21-ին դատարանը տնային կալանքը երկարաձգեց ևս երկու ամսով։