Եկեղեցու կարծիքը չի փոխվել․ Մուշեղ սրբազանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին

Մուշեղ սրբազան
Վերջին տարիներին իշխանության և եկեղեցու հարաբերությունները սառել են։ Տևական ժամանակ է` կաթողիկոսն ու երկրի ղեկավարը միասին որևէ վայր չեն ներկայանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Մայր աթոռն իր հայտարարություններն արել է ժամանակին և շարունակում է այդ կարծիքին մնալ։ Մայր աթոռի բակում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Սուրբ Էջմիածնի վանական խորհրդի ատենապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք եկեղեցին շարունակում է պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նշենք, որ այսօր մի խումբ հավատացյալներ, ի պաշտպանություն հայոց եկեղեցու, ակցիա են իրականացրել Մայր աթոռի մոտ։ Մինչ այդ տեղեկություններ էին տարածվել, որ բողոքի ակցիա է նախապատրաստվում ընդդեմ կաթողիկոսի։
«Եկեղեցին մշտապես իր կարծիքը հայտնել է նման հայտարարությունների վերաբերյալ, դատապարտել է և կարևորություն չի տվել»,- ասաց Մուշեղ սրբազանը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո` 2020-ի դեկտեմբերին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ուղերձ էր հղել` հայտնելով, որ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու հորդորել, որ վայր դնի լիազորությունները։ Մինչ այդ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն էր դիմել Փաշինյանին` հորդորելով հրաժարվել վարչապետի պաշտոնից։
Հավելենք, որ վերջին տարիներին եկեղեցու և իշխանությունների հարաբերությունները սառել են։ Իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ չեն մասնակցում տոնական օրերին մատուցվող պատարագներին, իշխանության և եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչները միասին չեն ներկայանում հանրային տարբեր միջոցառումներին։ 2023 թվականի ամանորյա ուղերձի ժամանակ էլ առաջին անգամ կաթողիկոսի հեռուստաուղերձը երկրի ղեկավարի ուղերձից առաջ չհեռարձակվեց Հանրային հեռուստաընկերությամբ։