Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձավ բրոնզե մեդալակիր

Վահագն Դավթյան
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը օղակների վարժության բրոնզե մեդալակիր է դարձել Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Ըստ հաղորդագրության` Դավթյանը 14․600 միավոր է հավաքել։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը նույն վարժությունում 14․566 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
Արթուր Ավետիսյան
Կայացել է նաև նժույգ-թափեր վարժության եզրափակիչը։ Գագիկ Խաչիկյանը 14․833 միավորով 6-րդ տեղում է։
Նշենք, որ աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար։ Փետրվարի 25-ին հենացատկի վարժության եզրափակիչում հանդես կգա աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը։
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլը մեկնարկել է փետրվարի 22-ին և տևելու է մինչև փետրվարի 25-ը։ Ավելի վաղ հայ մարմնամարզիկները 1 ոսկե և 1 արծաթե մեդալ էին նվաճել աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, որն անցկացվել էր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Հաղթողի կոչմանն էր արժանացել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը: Նա հենացատկի վարժությունում գերազանցել էր բոլոր մրցակիցներին՝ եզրափակիչում հավաքելով 14,933 միավոր:
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն էլ Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել էր արծաթե մեդալակիր: Օղակների վարժության եզրափակիչում հայ մարզիկը հավաքել էր 14.500 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը: