2023-ին ուղևորահոսքն աճել է 46,7%–ով․ Փաշինյանն այցելել է Քաղավիացիայի կոմիտե

Մարտից օդային բեռնափոխադրումներ կիրականացվեն հայկական բեռնատար «Boeing»–ով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության օդային դարպասներով ուղևորահոսքը 2022-ի համեմատ աճել է 46,7 տոկոսով, ընդհանուր առմամբ 5 միլիոն 425 հազար ուղևորներից 1 մլն 817 հազարին տեղափոխել են տեղական ավիաընկերությունները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս մասին զեկուցել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ՝ ներկայացնելով կառույցի անցած տարվա գործունեության հաշվետվությունը։
Նախորդ տարի հայկական շուկա մուտք է գործել 8 նոր ավիաընկերություն, ՀՀ-ից կանոնավոր թռիչքներ են իրականացվել դեպի 23 պետության 49 քաղաք, իսկ զբոսաշրջային սեզոնին դեպի ՀՀ և ՀՀ-ից թռիչքներ են իրականացրել 12 ավիաընկերություն՝ 13 ուղղություններով:
Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը և նրա տեղակալը վարչապետին զեկուցել են ոլորտում իրականացված աշխատանքների, կառուցվածքային և համակարգային խնդիրների ու մարտահրավերների, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարների մասին:
Ավիացիայի ոլորտը համալրվել է շուրջ 500 նոր աշխատակցով:
Նախորդ տարի Հայաստան է բերվել առաջին հայկական «Boeing 737/400» բեռնատար օդանավը, որը մարտից սկսելու է բեռնափոխադրումները` ավիաընկերության օդանավ շահագործողի վկայական ստանալուց հետո: Հայկական ավիացիոն շուկա է մուտք գործել գերմանական «Լյուֆթհանզա Կարգո» ավիաընկերությունը:
Մի շարք ծավալուն փոփոխություններ են իրականացվել Եվրոպական միության թռիչքային անվտանգության ցանկից («սև ցուցակ») դուրս գալու համար:
2023-ին իրականացվել են մի շարք քայլեր՝ ուղղված ընդհանուր ավիացիայի և փոքր ավիացիայի զարգացմանը և այլն:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ավիացիայի ոլորտի կադրերի պատրաստմանն ու համալրմանը վերաբերող հարցեր: Փաշինյանը կարևորել է ռազմավարական նշանակություն ունեցող այս ոլորտի զարգացումը։ Նա կոնկրետ հանձնարարականներ է տվել կադրերի պատրաստման հետ առնչվող պատասխանատուներին։