Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար

Վերին Լարս տանող ճանապարհ
Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձյան պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է երթևեկությունը նշված տրանսպորտային միջոցների համար, ճանապարհին շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,– ասաց Հակոբյանը:
Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան, միայն ձնահոսքի թունելներով։
Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: