ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերի օգտագործելով հատել են ՀՀ պետական սահմանը։ Նրանց մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«2024թ. փետրվարի 20-ին Երևան քաղաքի տարբեր հասցեներից հայտնաբերվել և ձերբակալվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ Ի.Ք-ն, Է.Յ.-ն և ՀՀ քաղաքացի Ա.Մ.-ն»,–նշված է հաղորդագրության մեջ:
Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ի.Ք.-ն և Է.Յ-ն, «Բագրատաշեն» անցակետով կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ հատել են ՀՀ պետական սահմանը և մուտք գործել ՀՀ, իսկ ՀՀ քաղաքացի Ա.Մ-ն առերևույթ օժանդակել է Է. Յ.-ի կողմից կեղծ փաստաթուղթ օգտագործելուն և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելուն:
Քննիչի կողմից Ի.Ք-ին և Է.Յ.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և 469-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական սահմանն ապօրինի հատելը), իսկ ՀՀ քաղաքացի Ա.Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-457-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելուն հանցակցելը) և 46-469-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական սահմանն ապօրինի հատելուն հանցակցելը)։
Թուրքիայի քաղաքացիներ Ի.Ք-ն և Է.Յ.-ն կալանավորվել են, իսկ Ա.Մ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է: