ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Մուրադ Փափազյանն ու Արա Թորանյանը թեժ զրույց են ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Հայ հեղափոխական դաշնակցության Փարիզի գրասենյակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը փետրվարի 21-ին մեկնել է Փարիզ` ներկա գտնվելու Միսաք Մանուշյանի և նրա կնոջ վերահուղարկավորության արարողությանը։ Հենց այդ ժամանակ էլ նման հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ էլ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Զրույցը տեղի է ունեցել Մակրոնի ներկայությամբ` Ելիսեյան պալատում կազմակերպված ընթրիքի ավարտին։
Մակրոնը բարձր է գնահատել Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի կատարած աշխատանքը ի նպաստ Հայաստանի։ Նա շեշտել է, որ անհրաժեշտ են ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների շփումները, եթե նույնիսկ տարաձայնությունները կան։
«Փափազյանը դատապարտել է իր նկատմամբ 19 ամիս շարունակված Հայաստան մուտ գործելու իրավունքի արգելքի փաստը (այն ի վերջո վերացվել է)։ Մուրադ Փափազյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանին այս խորապես ոչ ժողովրդավարական և պառակտող որոշումը կայացնելու համար։ Ժողովրդավարության այս դասից Նիկոլ Փաշինյանը բարկացել է և քննադատել Մուրադ Փափազյանին՝ Ֆրանսիայի նախագահի առջև այս թեման քննարկելու համար»,– ասված է ՀՅԴ Փարիզի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։
Մուրադ Փափազյանը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահն է այդ նախաձեռնության հեղինակը։ Այդ պատասխանից Փաշինյանն ավելի է զայրացել և ասել է, որ Փափազյանի մուտքը Հայաստան արգելել է այն պատճառով, որ վերջինս 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում ցույց է կազմակերպել իր դեմ։
Նշենք, որ այս պնդումը Փափազյանը բազմիցս հերքել է, բայց Փաշինյանի հետ հանդիպմանը կրկին պարզաբանել, որ ցույցի իրավունքը ժողովրդավարական երկրում արգելված չէ։ Նա զարմանք է հայտնել Նիկոլ Փաշինյանի թույլ փաստարկի և նրա արտահայտությունների խեղճության համար:
Զրույցի ավարտին Էմանուել Մակրոնը առանձնացել է ՀՀ վարչապետի հետ, ինչից հետո Փաշինյանը Մուրադ Փափազյանին հայտնել է, որ իշխանությունները Հայաստան վերադառնալու նրա իրավունքը վերականգնելու որոշումը չեն բողոքարկելու։
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հունվարի 29-ին հայտնել էր, որ կարող է բողոքարկել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի և Նիդեռլանդներում Հայ դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանի անունները «անցանկալի» անձանց ցուցակից հանելու դատարանի որոշումը։
2022 թվականի հուլիսի 13-ին Փափազյանն ընտանիքով Հայաստան էր ժամանել, բայց «Զվարթնոց» օդանավակայանում նրա մուտքն արգելել են երկիր` հայտարարելով, որ նրա անունը ներառված է «անցանկալի» անձանց ցուցակում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը այդ առիթով հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ Փափազյանը 2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիա կատարած այցի ժամանակ վարչապետի պատվիրակության ավտոշարասյան վրա իրականացրած հարձակման կազմակերպիչներից մեկն էր։ Օգոստոսի 1-ին իրավապահ մարմինները արգելեցին Մասիս Աբրահամյանի, ինչպես նաև նրա դստեր՝ ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան։