Արցախից ՀՀ բռնագաղթվածների ընտանիքներում գրանցվել է 374 ծնունդ. փոխնախարար

2023 թվականի սեպտեմբերի 19-ից ի վեր Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնագաղթած անձանցից հաշվառված է 639 հղի ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Առողջության առաջնային պահպանման կենտրոններում արդեն իսկ հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնագաղթած 70 495 պացիենտ։ Այս մասին Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։
«Նրանց 30 տոկոսը միջին մանկական տարիքի (0-11) անձինք են։ Այս պահին հաշվառված է 639 հղի, և գրանցվել է 374 ծնունդ»,– նշեց Ջումայանը։
Նա նաև անդրադարձավ այն բուժաշխատողներին, որոնք ԼՂ–ից բռնագաղթելուց հետո դիմել են աշխատանքի տեղավորման համար։ Ջումայանը շեշտեց` 209 ավագ և 516 միջին բուժաշխատողի հետ պետպատվերի շրջանակներում շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորված միջոցառումներ են իրականացվել։
Ամբողջ հանրապետությունում արդեն իսկ աշխատանքի է տեղավորվել 216 բուժաշխատող, նրանցից 34-ը` մարզերում։ Վերջիններս պետության կողմից լրավճարի ծրագրից են կարողանում օգտվել։
Առողջապահության փոխնախարարն ընդգծեց` բոլոր ծրագրերը շարունակական են։