Կարևորը արժանապատիվ հեռանալն է. Նազիկ Ավդալյանը հպարտանում է Հռիսիմե Խուրշուդյանով

Հռիփսիմե Խուրշուդյան
ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանը բազում հաջողություններ է մաղթել Հռիփսիմե Խուրշուդյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և կրկնակի արծաթե մեդալակիր, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանը սատարել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանին։
«Հռիփս ջան, հասկանում եմ, թե ինչքան դժվար է սպորտը թողնելը՝ հեռանալ մի աշխարհից, որտեղ քո խոսքը ասելու համար խաղասեղանին է դրվել ամեն ինչ, առանց բացառության՝ ընտանիք, շրջապատ, ժամանց, առողջություն, երեխա, ժամանակ… Իսկ արդյունքում կարող ես ստանալ ամեն ինչ կամ ոչինչ։ Չնայած այս ամենին՝ գալիս է այն ցավալի պահը, երբ ստիպված ես լինում սպորտից դուրս գալու որոշում կայացնել, բայց ամենակարևորը ճիշտ ժամանակին, արժանապատիվ և բարձունքում սպորտից հեռանալն է, ինչը, ցավոք, ոչ բոլոր մարզիկներին է հաջողվում, իսկ քեզ հաջողվեց, ինչի համար ես իրոք հպարտանում եմ քեզանով»,– ֆեյսբուքյան էջում գրել է Ավդալյանը։
Նա մաղթել է, որ Հռիփսիմե Խուրշուդյանը բազում հաջողությունների հասնի այն ճանապարհին, որը կընտրի սպորտից հեռանալուց հետո։
Հիշեցնենք` փետրվարի 19-ին Եվրոպայի առաջնությունում իր վերջին մոտեցումից հետո 36-ամյա ծանրամարտիկը հանեց մարզակոշիկները` ակնարկելով կարիերան ավարտելու մասին, սակայն մի քանի օր անց` փետրվարի 22-ին, Երևան վերադառնալուց հետո հայտարարեց, որ հնարավոր է` շարունակի կարիերան և մասնակցի աշխարհի առաջնությանը։