ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստել է՝ «Ջերմուկ» հանքային ջրի պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ: Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վլադիկավկազ քաղաքում տղամարդը «Ջերմուկ» հանքային ջրի շշով քացախ է խմել ու կերակրափողի այրվածք ստացել (ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հիվանդանոցում մահացել է)։ Ռոսպոտրեբնադզորը դեպքից հետո հայտարարել էր «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին՝ դրանց անվտանգության ստուգման նպատակով։ Գերատեսչությունը նշել էր, որ խոսքը վերաբերում է «Ջերմուկի»` 28.12.2023 թ. արտադրության 0,5 լիտր ծավալով ապակե տարաներին:
«Ստուգումը կատարվել է արտահերթ, ուսումնասիրվել է արտադրական ամբողջ շղթան` շշերի լվացումից, շշալցումից մինչև վերջնական արտադրանքի ստացում։ Հանքային ջրի արտադրական գործընթացն ամբողջությամբ ավտոմատացված և փակ շրջափուլ է։ Մարդկային գործոնն արտադրամասում նվազագույնի է հասցված»,– ասել է ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության գլխավոր տեսուչ Ռոբերտ Թորոսյանը։
Նրա խոսքով` արտադրական ամբողջ պրոցեսին հետևել են մի քանի ժամ։ Արտադրամասում 2 խոտանման սարք կա, որոնցից մեկով անցնում են խնդիր ունեցող շշերը։ Կատարված փորձերը ցույց են տալիս, որ սարքը օտար հեղուկով ցանկացած շիշ ավտոմատ դուրս է բերում։ Շշալցումից հետո արտադրանք անցնում է երկրորդ խոտանման սարքով։
Դա փաստում է, որ շշում քացախի պարունակություն հնարավոր չէ, բաղադրության մեջ առհասարակ քացախ չի օգտագործվում։
ՍԱՏՄ–ն տարակուսելի է համարում Հայաստանից 2.5 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի իրացման կասեցումը, այնինչ նշվել է հստակ 2023 թվականի դեկտեմբերի 28–ի խմբաքանակը, որը չի կարող գերազանցել 150 հազար շիշը։
Ըստ ստանդարտների` պատրաստի արտադրանքի նվազագույն քանակը 1200 շիշն է, ուստի եթե անհամապատասխանություն լիներ, առնվազն այդքան շշում պետք է դրսևորվեր, մինչդեռ նախորդ տարվա դեկտեմբերի արտադրանքի իրացումից 1.5 ամիս անց միայն Վլադիկավկազի այդ դեպքն է արձանագրվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 13–ին «Ջերմուկ» ընկերությունը պարզաբանում էր տարածել, որում բացառել էր շշի մեջ քացախաթթվի առկայությունը։