ՀՀ–ում 2023-ին մարտական պայմաններում զոհվել է 19, իսկ ոչ մարտական պայմաններում` 64 զինվոր

Զինծառայողի սաղավարտ. Արխիվային լուսանկար
ՀՀ–ում նախորդ տարի շարունակվել են նոր տեղակայման վայրերի կառուցման աշխատանքները Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ զինված ուժերում 2023 թվականի ընթացքում մարտական պայմաններում զոհվել է 19 զինծառայող։ Այս մասին նշվում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցում։
«2023 թվականին ՀՀ զինված ուժերում մարտական պայմաններում զոհվել է 19, իսկ ոչ մարտական պայմաններում 64 զինծառայող: Տարվա ընթացքում գերեվարվել և վերադարձվել է 3 զինծառայող»,– ասվում է զեկույցում։
Նշվում է նաև, որ պետական սահմանի պահպանության համակարգի կատարելագործման ուղղությամբ 2023 թվականի ընթացքում կահավորվել և ավարտին է հասցվել 9 կառավարման կետ:
Ռազմավարական նշանակության օբյեկտների ու ենթակառուցվածքների անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով 2023 թվականի ընթացքում շարունակվել են նոր տեղակայման վայրերի կառուցման աշխատանքները Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում:
Զեկույցում ասվում է նաև, որ 2023 թվականին մեկնարկած զինծառայողների ատեստավորմանը մասնակցել է շուրջ 5800 զինծառայող: Ատեստավորման արդյունքներով զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացվելու է 205 000-ից 470 000 դրամի չափով: