ՀՀ–ն պաշտպանական սպառազինություն կգնի նաև խաղաղության պայմանագրից հետո. Պապիկյան

Սուրեն Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով` թեպետ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի վտանգ կա, բայց սպառազինությունը ձեռք է բերվում բացառապես պաշտպանական նպատակներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Անկախ նրանից, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո անվտանգային ինչ միջավայր կլինի, Հայաստանի Հանրապետության ԶՈւ–ն շարունակելու է պաշտպանական զենք, զինամթերք գնել։ ՊՆ վարչական համալիրում համատեղ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա նշեց, որ այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրված պայմանագրերը հենց դրա մասին են։
«Հայաստանի Հանրապետությունը զենք, զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով։ ՀՀ-ի կողմից գնվող զենք, զինամթերքը ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի։ Իհարկե, չեմ կարող հերքել, որ կա վտանգ, և այն տեսանելի է առկա հռետորաբանությունից։ Մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը»,- ասաց Պապիկյանը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն որդեգրել է զինված ուժերի կարողությունները նորացնելու և արդիականացնելու քաղաքականություն։ Դա արվում է և՛ սեփական միջոցներով, և՛ եվրոպական երկրների աջակցությունը կօգնի մեր երկրին։
Հիշեցնենք` Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել փետրվարի 22–ին։
Լըկորնյուին օդանավակայանում դիմավորել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
Ավելի վաղ «Le Figaro»-ն էլ գրել էր, որ Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, որում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։
«Բաստիոնները» շուտով Հայաստան կհասնեն․ Ֆրանսիայի ԶՈւ նախարար