ՀՀ վարչապետը և նախագահը շնորհավորական ուղերձներ են հղել Ճապոնիայի վարչապետին

ՀՀ ղեկավարները Ճապոնիայի բարեկամ ժողովրդին խաղաղություն և բարօրություն են մաղթել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ են հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի և նախագահի մամուլի ծառայություններից։
Փաշինյանն իր խոսքում նշել է, որ ներկայում Հարավային Կովկասում և աշխարհում առկա բազում մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ գործընկերային հարաբերությունների հետագա խորացումն ու ընդլայնումը՝ բարձր գնահատելով Ճապոնիայի կողմից Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված բազմակողմանի աջակցությունը:
«Այս կապակցությամբ վերահաստատում եմ Ձեզ ուղղված՝ Հայաստան այցելելու հրավերս՝ երկկողմ միջպետական հարաբերություններն ամրապնդելու հետ կապված հարցերը քննարկելու նպատակով»,–նշել է Փաշինյանը:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը իր հերթին նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը:
«Հայ և ճապոնացի ժողովուրդների միջև ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական կապերն ամուր հիմք են փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու համար»,–նշել է նա:
ՀՀ վարչապետն ու նախագահը Ճապոնիայի բարեկամ ժողովրդին խաղաղություն և բարօրություն են մաղթել։