Հարկ վճարե՞լ, թե՞ եղեգ հնձել. շոու բիզնեսի ներկայացուցիչների արձագանքը Փաշինյանի ելույթին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ հայկական շոու բիզնեսի բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ արտերկրում համերգներ ունեցողները, պետք է հարկ վճարեն կամ պատասխանատվության ենթարկվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը պարտաճանաչ հարկատուներ են, սակայն նրանց մի մասը չի համարում, որ հարկեր պետք է վճարի արտասահմանյան համերգներից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սուր հայտարարությունից հետո Sputnik Արմենիան կապ է հաստատել շոու բիզնեսի ներկայացուցիչներից մի քանիսի հետ։
Նշենք, որ այսօր Փաշինյանը հայտարարել էր, որ շոու բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք չեն պատրաստվում հարկեր վճարել, օրինակ՝ Լոս Անջելես գնալիս պետք է ՀՀ–ում աշխատած ու հարկ վճարածների հաշվին կառուցված, դեպի օդանավակայան տանող ճանապարհից չօգտվեն։
«Դե, ուրեմն կողքի մերձդաշտյան ճանապարհներով գնացեք. հնձեք այդ եղեգները ու այդպես գնացեք, հասեք օդանավակայան։ Այս ի՞նչ վերաբերմունք է ընդհանրապես։ Ասել, թե Ամերիկայում եմ տոմս վաճառել, ես ինչո՞ւ պետք է այստեղ վճարեմ, անընդունելի է»,– ասել էր նա։
Արտասահմանում հաճախ համերգներ ունեցող երգիչ Միհրան Ծառուկյանի կարծիքով բնական է, որ արտիստները պետք է հարկ վճարեն, դա օրենքի պահանջն է։
Միհրան Ծառուկյան
«Ես միշտ հարկեր վճարել եմ, դա նորություն չէ։ Ռուսաստանում էլ, Եվրոպայում էլ ինչքան համերգներ ունենում եմ, վճարում եմ։ Նախապես պայմանագիր է կնքվում, ու բոլոր վճարումները կատարվում են։ Ձևն է այդպես»,–ասաց նա։
Հարցին, թե իր եկամուտների քանի տոկոսն է հարկ վճարում, Ծառուկյանը նշեց, որ չի կարող ասել, հաշվապահական գործերից տեղյակ չէ։
Երգիչ Էրիկ Կարապետյանը, որին հաճախ կարելի է տեսնել տարբեր համերգային ծրագրերում, չցանկացավ մեկնաբանել, նշելով որ ինքը հարցազրույց չի տալիս։
Էրիկ Կարապետյան
«Արդեն 3 տարի է՝ ես հարցազրույց կամ մեկնաբանություն չեմ տալիս»,–ասաց երգիչը։
Երգչուհուց` հացթուխ ու բուժաշխատող. Աիդա Սարգսյանը պատմել է ԱՄՆ–ում իր կյանքի մասին
Շոումեն, երգիչ Գարիկ Պապոյանը հորդորեց հարկայինից ճշտել, թե ինքն ինչքան հարկ է վճարում կամ վճարում է արդյոք։
Գարիկ Պապոյան
«Ես հենց նոր ձեզնից իմացա այդ հայտարարության մասին, պետք է լսեմ , հասկանամ, թե ինչ կոնտեքստում է դա եղել , քանի որ այժմ ուղղակի չգիտեմ ինչի մասին է խոսքը»,–ասաց նա։
Երգչուհի Սոֆի Մխեյանն իր հերթին նշեց, որ ինքը հարկեր վճարում է։
«Վերջին շրջանում դրսում համերգների չեմ գնացել։ Հայտարարությունն ուղղակի չեմ մեկնաբանի»,–ասաց երգչուհին։
Սոֆի Մխեյան
Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից մի քանիսն էլ չցանկացան մեկնաբանել կամ իրենց անունից քննադատություն հնչեցնել, բացատրելով, որ կարճ ժամանակ հետո սոցցանցերում հազարավոր ֆեյքերի կողմից հարձակման կենթարկվեն։
Հիշեցնենք` 2018թ.-ի սեպտեմբերին ՊԵԿ–ը հայտարարել էր, որ Հայաստանում բավական բարձր վարձատրվող երգիչները տասնամյակներ շարունակ հարկային հայտարարագրեր չեն ներկայացրել, հարկեր չեն վճարել, խախտելով օրենքի պահանջը։
Օրենքը նախատեսում է, որ շոու բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվող երգիչները, երաժիշտները, հանդիսավարները և այլ ներկայացուցիչներ պետք է պետական գրանցում ստանան, հաշվառվեն հարկային մարմնում, ինքնահայտարարագրեն սեփական եկամուտներն ու հարկեր վճարեն։