Հակամարտության կարգավորման աջակցություն. պատագամավորը` ԵԱՀԿ–ից ՀՀ–ի ակնկալիքների մասին

Ընդդիմադիր խորհրդարանականը հիշեցրել է, թե քանի անգամ Ադրբեջանը չի կատարել միջազգային ատյանների որոշումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայ ժողովուրդը ԵԱՀԿ-ից ակնկալում է և սպասում հակամարտության կարգավորման համապարփակ աջակցություն։ Այս մասին Վիեննայում տեղի ունեցող ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Ընդդիմադիր խորհրդարանականը հիշեցրել է, թե քանի անգամ Ադրբեջանը չի կատարել միջազգային ատյանների որոշումները և հավելել, որ կարող էինք խուսափել Արցախի էթնիկ զտումներից, եթե քաղաքական կամք դրսևորվեր և պատասխանատվության ենթարկվեր ագրեսոր Ադրբեջանը։
«Այսօր Ադրբեջանի ղեկավարությունը մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը` հայտարարելով, որ հակամարտությունն ավարտված է, և հարկ է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հակառակը՝ մենք ջանքեր պետք է գործադրենք և կայուն երաշխիքներ ձեռք բերենք Արցախի հայ բնակչության հայրենիք վերադառնալու, նրանց պատմական, մշակութային և այլ իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,– նշել է Գալստյանը։
Շարունակելով խոսել Հայաստանի անվտանգության ճգնաժամին վերաբերող հարցերի մասին պատգամավորը շեշտել է, որ վերջերս էլ ԵԽԽՎ–ն մերժեց վավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը՝ հիմնավորելով այն Ադրբեջանի ոչ ժողովրդավարական ընթացքով, դատապարտելով 2023 թ. սեպտեմբերյան ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ինչն էլ հանգեցրեց մասսայական տեղահանության։