Ֆրանսիան պաշտպանական ոլորտում ՀՀ-ին առաջարկ կանի՝ ելնելով երկրի կարիքներից․ Լըկորնյու

Ֆրանսիայի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները
Քանի որ Ֆրանսիայի բանակի կողմից սպառվող միջոցները ֆրանսիական արտադրության են, դա երկրին թույլ է տալիս ինքնավար որոշումներ կայացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշումն է, որ Ֆրանսիան պետք է աջակցի Հայաստանի պաշտպանության նախարարությանը, այս պահին առաջնահերթությունը պաշտպանական սպառազինությունների ձեռքբերումն է և վերապատրաստումն այդ ամենը կիրառելու համար։ ՊՆ վարչական համալիրում համատեղ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։
«Ելնելու ենք Հայաստանի օպերատիվ կարիքներից․ մենք պետք է համապատասխան առաջարկներ անենք՝ հաշվի առնելով այդ կարիքները»,- ասաց նախարարը՝ պատասխանելով լրագրողի հարցին` արդյոք կդիտարկվի՞ Հայաստանում սպառազինության արտադրություն սկսելու հարցը։
Նախարարը շեշտեց՝ Ֆրանսիայի առանձնահատկություններից մեկն այն է, որ բանակի կողմից սպառվող ամեն ինչ հենց ֆրանսիական արտադրության է, ինչը հնարավորություն է տալիս ինքնավար որոշումներ կայացնել արտահանումների վերաբերյալ։ Նա շեշտեց՝ խոսքը բացառապես վերաբերում է պաշտպանական սպառազինություններին, մինչդեռ սոցիալական ցանցերում երբեմն Ֆրանսիայի դիրքորոշումն աղավաղվում է։
Հիշեցնենք` Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել փետրվարի 22–ին։
Լըկորնյուին օդանավակայանում դիմավորել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
Ավելի վաղ «Le Figaro»-ն էլ գրել էր, որ Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, որում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։
«Բաստիոնները» շուտով Հայաստան կհասնեն․ Ֆրանսիայի ԶՈւ նախարար