Սամվել Շահրամանյանի անվտանգության աշխատակից Աշոտ Դանիելյանն ազատ է արձակվել. փաստաբան

Նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու որոշում չի կայացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապազորի աշխատակից Աշոտ Դանիելյանն ազատ է արձակվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձի ժամանակ ասել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։
«Աշոտ Դանելյանին մեղադրանք չի առաջադրվել, քրեական հետապնդում իրականացնելու որոշում չի կայացվել»,– նշել է նա ուղերձում։
Երիցյանը հիշեցրել է, որ իր պաշտպանյալը 60 ժամ եղել է անազատության մեջ, բայց ոչ մի մեղադրանք, փաստորեն,չի ապացուցվել։
Դանիելյանն իր հերթին նշել է, որ իր նկատմամբ կեղծ մեղադրանք են ցանկացել առաջ քաշել, բայց դա չի ստացվել։
Հիշեցնենք, որ Աշոտ Դանիելյանը ձերբակալվել էր փետրվարի 20–ին։ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները նրան թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի Մոսկովյան փողոցից։
Հավելենք, որ նույն օրը առավոտյան Դանիելյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել Եռաբլուրում։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի` արցախյան շարժման 36–ամյակի առթիվ Եռաբլուր կատարած այցի ժամանակ նա վիրավորել ու հրել էր լրատվամիջոցներից մեկի օպերատորին։