Հայաստանը պետք է ամեն գնով օգտվի Իրանից ստացած առաջարկից. Վարդան Ոսկանյան

Իրանագետը չի թաքցնում` իրանական կողմի հետ աշխատելն ու բանակցելը հեշտ գործ չէ, բայց Հայաստանը պետք է ամեն գնով օգտվի իրեն ընձեռված հնարավորությունից, որովհետև դա վերաբերում է ՀՀ–ի գոյությանն ու անվտանգությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Իրանի հետ չհամագործակցելը ուղղակիորեն վնասում է Հայաստանի կենսական շահերին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
«Տարածաշրջանում Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը վերակառուցելու, ամրապնդելու և հզորացնելու առումով երկու խաղացող կա, որոնք կարող են դա տրամադրել. Մեկը ՌԴ–ն է, երկրորդը` ԻԻՀ–ն»,– ասաց Ոսկանյանը` մեկնաբանելով օրերս Իրանից փորձագիտական մակարդակով հնչած հայտարարությունը։
Թեհրանում անցկացված «Իրանի և Հայաստանի ազգային անվտանգությունը տարածաշրջանային և անդրտարածաշրջանային սպառնալիքների համատեքստում» խորագրով սեմինարի ժամանակ Կովկասի հարցերով ավագ փորձագետ Մաջիդ Քարիմին ասել էր, որ Հայաստանը և Իրանը պետք է վերանայեն իրենց արտաքին քաղաքականությունը և կնքեն համատեղ պաշտպանության և անվտանգության պայմանագիր։
Փորձագետի գնահատմամբ` դա Հարավային Կովկասում ներկա աշխարհաքաղաքական ճգնաժամից դուրս գալու և ընդհանուր սպառնալիքները չեզոքացնելու միակ ելքն է։ «Իրանը բազմիցս է լիակատար պատրաստակամություն հայտնել Հայաստանի հետ կնքել անվտանգության ցանկացած պայմանագիր»,– շեշտել է Քարիմին:
Վարդան Ոսկանյանը շեշտեց, որ Մաջիդ Քարիմին իրանցի միակ փորձագետը չէ, որ նման կարծիք է հայտնում։
«Իրանի փորձագիտական շրջանակները ոչ միշտ, բայց բավական հաճախ արտահայտում են նաև պետական տեսակետները, որոնք բարձրաձայն չեն հնչում դիվանագիտական շրջանակներում, բայց քննարկվում են դիվանագիտական սեղանների շուրջ։ Այս դեպքում, կարծում եմ, Քարիմին բարձրաձայնել է իրանական կողմի, առնվազն` Իրանի պետական համակարգի շատ կարևոր վճիռներ կայացնելու ունակ թևերից մեկի տեսակետը»,– ասաց Ոսկանյանը։
Իրանագիտության ամբիոնի վարիչը նաև հայտնեց, որ Քարիմին սովորել է ԵՊՀ իրանագիտական ամբիոնի ասպիրանտուրայում, հետևաբար քաջածանոթ է ինչպես Իրանի, այնպես էլ հայաստանյան իրողություններին։ Իրանցի փորձագետը նաև վերջերս հրապարակված՝ Նախիջևանին նվիրված գրքի հեղինակն է, որտեղ մանրամասն անդրադարձել է անվտանգային համակարգում Նախիջևանի կարևորությանը և այդ համատեքստում հայ–իրանական հնարավոր համագործակցությանը։
Վարդան Ոսկանյանի գնահատմամբ` Իրանի ու Հայաստանի կենսական շահերն այսօր շատ տեղերում համընկնում են, և համագործակցություն լայն դաշտ կա։ Հայաստանցի մասնագետը չի թաքցնում` իրանական կողմի հետ աշխատելը ամենևին էլ հեշտ գործ չէ, նույնիսկ բանակցելն է բարդ։ Բայց Հայաստանը պետք է ամեն գնով օգտվի իրեն ընձեռված հնարավորությունից, որովհետև դա վերաբերում է ՀՀ–ի գոյությանն ու անվտանգությանը։
«Սա վերաբերում է Հայաստանի ուղղակի գոյությանը, Իրանի հետ չհամագործակցելը, Իրանի հետ մեր հարաբերություններին դաշնակցայինին ձգտող բնույթ չհաղորդելը և մեր պետության անվտանգության ապահովման գործում այդ կարևոր գործընկերոջ հետ հարաբերությունների պոտենցիալը չօգտագործելը չի կարող բխել ՀՀ–ի շահերից»,– նշեց իրանագետը։
ՀՀ–ն և Իրանը պետք է պաշտպանության և անվտանգության պայմանագիր կնքեն. իրանցի փորձագետ
Ինչ վերաբերում է Արևմուտքի` Իրանի նկատմամբ վերաբերմունքին ու դրա հնարավոր ազդեցությանը նաև Իրանի հետ համագործակցող Հայաստանի վրա, Ոսկանյանը գտնում է, որ ՀՀ իշխանությունը պետք է կարողանա ճիշտ աշխատել բոլոր կողմերի հետ` նրանց հասկանալի դարձնելով ԻԻՀ–ի հետ համագործակցելու անհրաժեշտությունը։
«Եթե մենք Իրանի հետ չեն համագործակցում, ապա փաստացի մեն–մենակ ենք մնում թշնամական այնպիսի դաշինքի դեմ, ինչպիսին է Ադրբեջան–Թուրքիա– Իսրայել–Պակիստան դաշինքը։ Իսկ Հայաստանը միայնակ այդ դաշինքին դիմակայելու հնարավորություն շատ քիչ ունի։ Ուստի մենք էլ պետք է ձևավորենք անվտանգային մեր ճարտարապետությունը` դրանում ներգրավելով այնպիսի պետությունների, որոնք շահագրգիռ են մեր անվտանգությամբ»,– արձանագրում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք` Մյունխենում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայ–իրանական հարաբերություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Մեր լավ հարաբերություններն Իրանի հետ որոշ տեղերում լարումներ են առաջացնում, մեր լավ հարաբերություններն այլ երկրների հետ Իրանում են լարվածություն առաջացնում»։
Չնայած դրան, Փաշինյանն ընդգծել էր, որ Իրանի հետ հարաբերությունները խորն են, և Հայաստանը շարունակելու է նվիրված լինել այդ հարաբերություններին։