Հայ մարմնամարզիկները սկսում են պայքարն աշխարհի գավաթի երկրորդ փուլում

Արթուր Դավթյան
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը փետրվարի 22-25-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայ մարմնամարզիկները 1 ոսկե և 1 արծաթե մեդալ էին նվաճել աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, որն անցկացվել էր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում:
Հաղթողի կոչմանն էր արժանացել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը: Նա հենացատկի վարժությունում գերազանցել էր բոլոր մրցակիցներին՝ եզրափակիչում հավաքելով 14,933 միավոր:
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն էլ Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել էր արծաթե մեդալակիր: Օղակների վարժության եզրափակիչում հայ մարզիկը հավաքել էր 14.500 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի համար: